22 հոկտեմբերի 2012 - 15:01 AMT
Սիրիայում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին

Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա գտնվեց բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը:

Ներկաների առջև ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` բարձր արժեվորելով նրա ներքին և արտաքին ձեռքբերումները:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների մեդալներն ու պատվոգրերը:

Համաձայն ՀՀ կառավարության որոշման, դեսպանը հանդիսավորությամբ հանձնեց նաև սիրիահայ մի քանի անձանց ՀՀ քաղաքացու անձնագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: