22 հոկտեմբերի 2012 - 15:41 AMT
Վարդենիսում հոսպիտալացված հիվանդներից մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:

Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է: