23 հոկտեմբերի 2012 - 14:59 AMT
Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերություններում նոր փուլ է սկսվել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանն ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:

Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն է հայտնել, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:

Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնևի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը հանդիպման ժամանակ կարևորել են այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա ևս կարևորել է Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ և ամրապնդմամբ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: