23 հոկտեմբերի 2012 - 15:37 AMT
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն այսօր նշեց ՄԱԿ-ի հիմնադրման 67–ամյակը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն այսօր իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ նշեց ՄԱԿ-ի հիմնադրման 67–ամյակը:

«Անցած 20 տարիների ընթացում, համագործակցելով գործընկերների հետ , մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի մրապնդման միջոցով, իմ երախտիքն եմ հայտնում հայ ժողովրդին, որը հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքին», - ասաց ՄԱԿ գրասենյակի համակարգող Դաֆինա Գերչևան:

«Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը մեր հուսալի գործընկերն է և աջակցել է դեպի կայուն զարգացում Հայաստանի ընթացքին: ՄԱԿ-ի աշխատանքը հասնում է Հայաստանի բոլոր անկյուններ», -ասաց ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Պաշտոնական արարողության ընթացքում մարվեց ՄԱԿ-ի փոստային հատուկ նամակնիշը, որը «Հայփոստ»-ը թողարկում է գեղաթերթիկի վրա և որը նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:

Արարողության ընթացքում նաև բացվեց Կայուն զարգացման հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին ՄԱԿ-ի աջակցությունը, աշխատանքն ու ձեռքբերումները ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: