ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետն այսօր խորհրդակցություններ է անցկացրել Տավուշի և Լոռիի մարզպետարաններում: Ներկայացվել են 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ է եղել նաև 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին:
Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է մինչև դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը: Նա առաջարկել է առավել իրատեսական փաստաթղթեր կազմել` նկատելով, որ դրան նպաստում է նաև մինչեւ 2008թ. կուտակված ապառքների զրոյացման միջոցով բազաների «մաքրման» օրենսդրական լուծումը: Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների պատասխանատուներին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր: Համայնքապետերն անդրադարձել են դատական համակարգի հետ հանդիպող բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով դյուրացնել համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում::