24 հոկտեմբերի 2012 - 09:45 AMT
«Հրապարակ». Վարչապետի հավանական թեկնածուների ցուցակում ավելացել է Երվանդ Զախարյանի անունը

«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում անդրադարձել է վարչապետի պորտֆելի շուրջ պտտվող լուրերին.«Մինչ վարչապետի շրջապատը լուրեր է տարածում, թե «մինչև 2018 թիվը Տիգրան Սարգսյանն է վարչապետ աշխատելու», որովհետև, եթե մինչև նախագահական ընտրություններ նրան չփոխի, հետո առավել ևս չի փոխի, հակընդդեմ ուժերը հակառակ տեղեկատվությունն են շրջանառության մեջ դնում: Այն, որ շատ հնարավոր է, որ մինչև ընտրություններ էլ վարչապետի փոփոխություն կատարվի:Ասպարեզում եղած անուններին` Հովիկ Աբրահամյան, երկու Կարեն Կարապետյաններ, Արմեն Գևորգյան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան, ավելացել է նոր թեկնածություն` Կադաստրի պետ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանինը: Ինչը խոսում է այն մասին, որ վարչապետի փնտրտուքը նախագահականում շարունակվում է: Սակայն լավատեղյակ աղբյուրն ասում է, որ նշանակումը չի կատարվելու շրջանառվող թեկնածուների շրջանակից, այն լինելու է անսպասելի և մինչ օրս երբևէ չշրջանառված անուն»: