24 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT
Հայաստանի Հանրապետությունում սիբիրախտի տարածման վտանգ չկա

Հայաստանի Հանրապետությունում սիբիրախտի տարածման վտանգ չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա խոսքով Հայաստանում արձանագրվել է սիբիրախտով հիվանդ 1 կամ երկու կենդանի, վարակվածների թիվը հասնում է 20-ի, սակայն հաստատվել է միայն մեկի մոտ: Այդ հիվանդը Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ է:

Ըստ նրա, ծառայությունն իր ուշադրության կենտրոնում է պահում Ծովակը և դրան մոտ գտնվող համայնքները:

Մասնագետը ցավով նշեց, որ գյուղացիները չեն ցանկանում համագործակցել իրենց հետ, հաճախ թաքցնում են միսը: Այս գիշեր ծառայությունը հիվանդության ցուպիկներ է հայտնաբերել երկու նմուշների վրա:

Սիբիրախտը լինում է երեք տեսակի` մաշկային, շնչառական և աղեստամոքսային: Ամենատարածվածը մաշկային տիպն է: Այն ունի գաղտնի շրջան. 1-7 օր մաշկային և աղիքային, և մինչև 2 ամիս շնչառական արտահայտվածության դեպքում:

Մասնագետը նշեց, որ տնային պայմաններում այդ ցուպիկներն անհնար է վերացնել, քանի որ պետք է միսը եփել 3 ժամ 140 աստիճան եռացող ջրում: Հիվանդության բացիլները կարող են հողում պահպանվել հարյուր տարուց ավել:

Այսինքն, եթե նույնիսկ հարյուր տարի առաջ սիբիրախտից սատկած կենդանու կաշվի մի կտոր թաղված լինի, պատիճավոր ցուպիկը կարող է պահպանվել հողում և հողի հետ շփումից վարակը կարող է անցնել կենդանուն: