Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների և գործարարների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման և մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է, և այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:
Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարևոր գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: