27 հոկտեմբերի 2012 - 09:41 AMT
«Հրապարակ». Օսկանյանի գործը առիթ կդառնա, որ Աղվան Հովսեփյանին ազատեն զբաղեցրած պաշտոնից

«Հրապարակ»-ը գրում է. «Վերին իշխանության էշելոններում հասկանում են, որ Վարդան Օսկանյանի գործը «դատական հեռանկար» չունի։ Անշուշտ, այս գործի հիմքում բոլորովին այլ նպատակ է դրված, քան Օսկանյանին պատժելն է կամ արդարությունը վերականգնելը: Այդ նպատակը քաղաքական է: Բայց ըստ ամենայնի այս գործի հիմքում նաև այլ նպատակ է դրված՝ Աղվան Հովսեփյանի, որպես գլխավոր դատախազի, վարկաբեկումը:

Իշխանական կաբինետներում երբ այս գործի մանրամասները քննարկելիս առարկություններ են հնչել, թե գործը սպիտակ թելերով է կարված, և այն չեն կարողանալու տրամաբանական ավարտին հասցնել, ամենաբարձր մակարդակներից ասվել է, որ դա Գառնիկիչի հոգսն է՝ չի կարողանա հասցնել ավարտին, կապացուցի իր մասնագիտական անպիտանիությունը և կհեշտացնի իրենից ազատվելու գործընթացը: Կստացվի, որ մի քայլով երկու նպատակի կհասնեն՝ մի թեթև կզգաստացնեն իրենց քաղաքական հակառակորդներին և հընթացս կազատվեն անվստահելի դատախազից»: