29 հոկտեմբերի 2012 - 12:39 AMT
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավորների դիմումները քննարկման փուլում են

«Նուբարաշեն» ՔԿՀ -ում հացադուլ հայտարարած կալանավորների դիմումները դեռ քննարկման փուլում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել:

Դիմումներից մեկի հեղինակ, դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող տեսակցել վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմում հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ:

Կալանավորը հայտնել է, որ ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը:

Դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխվելու հարցում, քանի որ վերջինս վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը, իրեն վտանգ է սպառնում:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Նրանցից մեկը՝ որպես բողոքի նշան, կտրել էր մատը և այն ուղարկել լրատվամիջոցներից մեկի խմբագրություն: