22 ապրիլի 2005 - 13:47 AMT
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՅՄԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱՅՆ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հակաթուրքական բնույթ չի կրում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Տիմոշեւիչը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար գնալով դժվարանում է հաշտեցումը պատմական իրողության հետ: Մեկնաբանելով այն փաստը, որ թուրքական իշխանությունները նամակ են հղել Լեհաստանի Սեյմ քննադատելով Հայոց ցեղասպանության ճանաչումը, Տիմոշեւիչը նշել է.«Թուրքական իշխանությունները չեն ցանկանում պատասխանատվություն կրել հայերի հանդեպ իրենց իսկ խտրականության համար»: «Ինչ վերաբերում է նրան, թե եղել է արդյո՞ք ցեղասպանություն, եւ մեղավոր է արդյո՞ք Թուրքիան` դրանում կասկած չկա, եւ դա հաստատում են թուրքական փաստաթղթերը»,-ընդգծել է Տիմոշեւիչը: Սակայն, նրա խոսքերով, Թուրքիայի նման արձագանքը «սխալ է եւ ես նման քննադատություն չեմ ըդունում»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Լեհաստանի շահերից է բխում հակամարտության չհասցնել տարաձայնությունը պատմական հարցում: «Դա իմաստ չունի»,-նշել է խոսնակը: «Թուրքիայի արտգործնախարարությունը արել է այն, ինչ հարկավոր է համարել իր կողմից, սակայն ես հուսով եմ, որ մի քանի օրից այդ խնդիրը մեր միջեւ արդեն չի լինի»,-ընդգծել է նա: