29 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT
Քաղաքագետ. Ոչինչ պետք չէ ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ

Կարևոր չէ, թե ինչ է ասվել Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման ժամանակ, կարևոր է, որ այդ հանդիպումը կայացավ, քանի որ նրանք հանդիպեցին Ադրբեջանի անպատասխանատու կեցվածքից հետո: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա փորձություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության համար»,-ասաց նա:

«Ոչինչ չպետք է ակնկալել՝ անկախ նրանից, թե որտեղ կհանդիպեն: Սու՞րճ կխմեն, թե՞ թեյ»,-հավելեց քաղաքագետը: Նա նաև նշեց, որ Հայաստանը ճիշտ արեց, որ դուրս չեկավ բանակցային գործընթացից:

Ըստ փորձագետի՝ սաֆարովյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ բանակցային մյուս կողմը բնավ էլ խաղաղության չի ձգտում: Քաղաքագետի ակնկալիքները արտգործնախարարների հանդիպումներից մեծ չեն, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ: