29 հոկտեմբերի 2012 - 15:20 AMT
Բացառիկ դեպքերում կթույլատրվի ամուսնանալ նաև 16 տարեկանում

Այսօր խորհրդարանական լսումներ են եղել ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչպես արդեն հայտնի է, այս նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը,և ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանվում է 18-ը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանությանև հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը լսումների ժամանակ ասել է, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը: Ինչպես նշել է Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց և կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հաշվի առնելով խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն էլ անդրադարձել է օրենքի փոփոխության առողջապահական կողմին: Նա նկատել է, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ըստ մանկաբարձ- գինեկոլոգի՝ առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանականև թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված է համարել ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:

Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարել են ամբողջական և ընդունելի: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: