30 հոկտեմբերի 2012 - 11:58 AMT
Երևանում ԱԱ մասնակցելու համար Բաքուն անվտանգության երաշխիքներ է պահանջում ՀԱՕԿ-ից

«Անվտանգության երաշխիքներ պետք է տան երեք կազմակերպություններ՝ Ազգային Օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունն ու երկրի ֆեդերացիան: Հենց նման երաշխիքներ է ժամանակին Ադրբեջանը տվել, երբ հայ ըմբիշներն ու բռնցքամարտիկները մասնակցել են Բաքվում անցնող առաջնությանը: Ուստի այժմ Ադրբեջանն է նման երաշխիքներ պահանջում»,-գրում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կանցնի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին ցանկություն է հայտնել մասնակցելու նաև Ադրբեջանը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմը պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, որտեղ անվտանգության երաշխիքները տրվել են:

Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 500 բռնցքամարտիկներ աշխարհի 70 երկրներից: