30 հոկտեմբերի 2012 - 17:25 AMT
Կիրկորովը շատ է ուզում Բաքու գնալ՝ պարզվում է, ստեղծագործող մարդիկ ազգությունից զուրկ են

Ֆիլիպ Կիրկորովը «վրդովված է» այն փաստով, որ Բաքվում իր համերգը չեղյալ է հայտարարվել: Ըստ պաշտոնական վարկածի, Կիրկորովի համերգը Բաքվում չի կայանա տեխնիկական պատճառներով: Սակայն Ֆիլիպ Կիրկորովի մամլո քարտուղար Օլգա Ալեքսեևան հայտարարել է, որ այդ վարկածն անիրական է հնչում, չէ որ Baku Crystall Hall-ում վերջերս ելույթ ունեցավ Ջենիֆեր Լոպեսը, որը խիստ պայմաններ էր ներկայացրել համերգի կազմակերպիչներին:

Ըստ Կիրկորովի, իրականում Ադրբեջանի իշխանությունները վիրավորված են, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովն օգնում է 14-ամյա հայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին, որը տառապում է ծանր ու հազվագյուտ հիվանդությամբ: Տղան չի կարողանում աճել, և «Մանկական Նոր ալիք» մրցույթում նրա ելույթից հետո հայտնի մարդկանցից շատերը ցանկացան օգնել պատանի տաղանդին:

Կիրկորովը չլռեց և անկեղծ արտահայտվեց Բաքվում իր ելույթը չեղյալ հայտարարելու մասին «Իզվեստիա» թերթին. «Երևի, ես ապշեցնեմ շատերին, սակայն, վերափոխելով հայտնի արտահայտությունը ազգություն չունեցող հանցավորության մասին, առանց որևէ ենթատեքստի ցանկանում եմ ասել, որ ստեղծագործող մարդիկ պատկանում են այն մարդկանց շարքին, որոնք կապված չեն ազգային ծագման կամ տարածքային պատկանելության հետ…Առավել ևս տխուր է, երբ կատարողի քաղաքացիությունը, կամ ազգային ծագումը դառնում են համերգը չեղյալ հայտարարելու պատճառ, որին հազարավոր մարդիկ են սպասում: Չէ որ ինձ համար, որպես մի մարդու, որը միշտ հեռու է եղել քաղաքականությունից, բարդ է բացատրել այս իրավիճակը, որ ստեղծվել է Բաքվի Cristall Hall համերգասրահում նոյեմբերի 8-ին կայանալիք իմ համերգի շուրջ»,-ասել է Կիրկորովը:

Ռուսաստանցի երգիչը դեռ հույս ունի, որ Ադրբեջանում իր համերգի կազմակերպիչները ուշքի կգան և նա կկարողանա ուրախացնել երկրպագուներին իր շոուով: