30 հոկտեմբերի 2012 - 18:11 AMT
Քաղաքագետ. Արցախի անկախացումը միացում է Հայաստանին

Հայաստանին Արցախի միացման ամենակարճ ճանապարհը անկախությունն է: Պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի բնորոշմամբ՝ նրանք ովքեր այս պահին միացման խնդիր են առաջ քաշում, պարզապես խանգարում են գործին: «Անկախացումը միացում է: Արցախի անկախացումից հետո ոչ ոք չի կարող խանգարել միանալ Հայաստանին: Դա ավելի ճիշտ ճանապարհ է: Իսկ միացումը պետության տարածքների օտարման խնդիր է առաջացնում», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պրոֆեսոր Մանասյանը:

Քաղաքետ Արմեն Աղայանը Արցախի անկախության ճանաչումը անընդունելի է համարում: «Այդ ճանաչումը միայն մեկ իմաստ ունի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանից, որովհետև Ադրբեջանից Արցախը շատ վաղուց է անկախ»,- այսօր լրագրողների հետ հանդիմպան ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:

Այն, որ Արցախը Հայաստան է, ասում է նաև Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Սակայն նա նաև նկատում է, որ Արցախը, ցավոք, դեռ Հայաստանի Հանրապետություն չէ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում զրույցում Մասիս Մայիլյանն ընդգծեց. «Միջազգային ճանաչումը, նախևառաջ, կնշանակի, որ միջազգային հանրությունը ճանաչում է այն փաստը, որ Արցախն անջատված է Ադրբեջանի Հանրապետությունից: Իսկ քաղագետների այն դիտարկումը, թե Արցախի անկախություն նշանակում է անկախություն Հայաստանից, ճիշտ չէ», ասաց Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահը: Նա շեշտեց, որ երբ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը, ճանապարհ կբացի Հայաստանի և Արցախի վերամիավորման համար: