28 փետրվարի 2003 - 19:16 AMT
ԱՄՆ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՀԵՆՑ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ հենց այդ ձեւաչափում կլուծվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների բյուրոյի ղեկավար Էլիզաբեթ Ջոնսը` Բաքու-Վաշինգտոն հեռուստակամուրջի ժամանակ: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների բանակցությունների ընթացքում Ջորջ Բուշն աջակցություն է հայտնել այդ հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Մինսկի խմբի ջանքերին եւ Հեյդար Ալիեւին խորհուրդ է տվել շարունակել խնդրի խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ջանքերը: Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ գերակայություններին` Ջոնսը հայտարարել է, որ առաջին հերթին` դա տարածաշրջանի կայունությունն է: «Իսկ էներգետիկ շահերը երկրում առկա իրողություններից բխող հարցերի համալիրի մի մասն են միայն: Վաշինգտոնը հանդես է գալիս հօգուտ տարածաշրջանի կայունությանը նպատակաուղղված տնտեսական եւ քաղաքական բարենորոգումների», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: