1 նոյեմբերի 2012 - 12:43 AMT
Վանաձոր քաղաքում վերանորոգվում են մի շարք բազմաբնակարան շենքեր

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագրով Վանաձոր քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:

Habitat for Humanity Armenia հիմնադրամը Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր, որի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ և այլն:

Դեռևս 2011թ. հուլիս ամսին փորձնական ծրագիրը մեկնարկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ առկա է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման հիմնախնդիրը:

Ծրագիրն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, վերջինս տրամադրում է 40% սուբսիդավորում:

Habitat Armenia-ն նախատեսում է ընդլայնել ծրագիրը և ներառել Հայաստանի բոլոր մարզերը: