27 ապրիլի 2005 - 09:04 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԱՆՑՅԱԼԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
Այսօրվա Եվրոպայի համար ընդունելի չեն արյունալի ողբերգությունները մոռանալու կամ դրանց նշանակությունը նսեմացնելու փորձերը: Այդ մասին ասվում է Deutschewelle ինտերնետ-կայքում հրապարակված հոդվածում: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դա պետք է պարզ լինի նաեւ Թուրքիայի կառավարությանը: Որպես որոշակի առաջընթաց կարելի է նշել թուրքական խորհրդարանում տեղի ունեցած բանավեճերը Հայաստանի հետ հարաբերությունների շուրջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով: Առաջ են քաշվում երկու երկրների միջեւ հարաբերությունների փուլային բարելավման պլաններ: Սակայն դրանից այն կողմը գործը չի գնում: Ոչ քննադատական հայացք սեփական պատմությանը, ոչ ամոթ, ոչ նույնիսկ ցավակցություն զոհերի հանդեպ: Դրա փոխարեն թուրք քաղաքական գործիչները եւ հրապարակախոսները հիշեցնում են քրիստոնյաների ապստամբությունների ժամանակ զոհված թուրքերի, հայ ահաբեկիչների զոհ դարձած թուրք դիվանագետների մասին: Իհարկե, դա էլ պատմական ճշմարտության մի մասն է, սակայն միայն մեկ մասը: Ուրիշի հանցագործությունները չեն նսեմացնում, եւ առավել եւս չեն արդարացնում սեփական ոճրագործությունները: Թուրք հանրությունը դեռ այսօր էր արձագանքում է հայկական թեմային ազգայնամոլության բուռն պոռթկումներով, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այդ աստիճան լարված մթնոլորտը կարելի է մեղմել միայն պատմական փաստերի ճշմարտացի լուսաբանման միջոցով, եւ ցանկալի է սկսած դպրոցական դասագրքերից: Սակայն բանավեճերը թուրքական խորհրդարանում ցույց են տվել, որ դրան պատրաստ չէ նույնիսկ երկրի քաղաքական վերնախավը: Թուրքիան դեռեւս պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի կողմից Հայոց ցեղապսնաոթյան ճանաչման հարցը Եվրոպայում կրկին արդիական է դարձել Թուրիքայի Եվրամիությանը անդամակցելու ձգտման կապակցությամբ, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնական պայման չի հանդիսանում: Միեւնույն ժամանակ եվրոպացիները ակնկալում են եւ դրա իրավունքն ունեն, որ Անկարան քննադատաբար եւ առանց ազգայնական տաբուների կփորձի գնահատել իր երկրի պատմության մութ էջերը: Ստիպված ենք կրկին եւ կրկին կրկնել. Եվրամիությունը դա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ընդհանուր արժեքների վրա հիմնված միավորում է: Նրա հիմքում ընկած է ժողովուրդների հաշտեցման գաղափարը: Նման հաշտեցման օրինակ դեռեւս կես դար առաջ ցույց են տվել Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք ժամանակին մահացու թշանմիներ էին, նշում է Deutschewelle: