Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ, այս մասին ասել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 2-ին Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ:
Դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար` նշելով, որ գերմանական կողմը ի դեմս Հայաստանի` տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ և պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: