28 ապրիլի 2005 - 11:33 AMT
ԵԱՀԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Երեկ Ֆրանկֆուրտում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը: Այդ հանդիպումն անցկացվել է «պրագյան գործընթացի» շրջանակներում: Համանախագահներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Այդ քննարկումներից հետո կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Հիշեցնենք, որ համանախագահների առաջին հանդիպումը ԱԳՆ ղեկավարների հետ այդ ձեւաչափում` առանձին-առանձին, անցկացվել է ապրիլի 14-17-ը Լոնդոնում: Այն ժամանակ համանախագահները հանդիպել էին սկզբից Հայաստանի ԱԳՆ ղեկավարի, այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Այդ խորհրդատվություններից հետո համաձայնեցվել էր Ֆրանկֆուրտում բանակցությունների հերթական ռաունդի անցկացումը: Սակայն այս անգամ հայ նախարարը Ֆրանկֆուրտ չի մեկնել: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, այդ առնչությամբ հստակ պայմանավորվածություն չի եղել: Նրա խոսքերով` Հայաստանի արտգործնախարարի հետ համանախագահների հանդիպման տեղն ու ժամանակը պայմանավորած չի եղել: Դա հաստատել է նաեւ ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը, որը նշել է, որ ֆրանկֆուրտյան հանդիպումից հետո միջնորդները խորհրդատվություններ կանցկացնեն Հայաստանի արտգործնախարարի հետ եվրոպական քաղաքաներից մեկում: Ռուսաստանցի համանախագահն ասել է նաեւ, որ ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է համանախագահներին: Նրա խոսքերով` բանակցությունների նման ձեւաչափը թույլ է տալիս մանրամասնորեն ծանոթանալ կողմերի դիրքորոշումներին եւ առանձին դետալների վերաբերյալ նրանց տեսակետների համընկնման աստիճանին: Ռուսաստանցի համանախագահ Յու.Մերզլյակովի խոսքերով` կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ են դարձնում նման հանդիպումները, եւ համանախագահները ցանկանում են քննարկել այդ հարցերը պետությունների ղեկավարների հետ: Սակայն բանակցությունների գաղտնի անցկացումը թույլ չի տալիս ամբողջությամբ դատել կողմերի դիրքորոշումների մոտեցման աստիճանի մասին: Հայտարարություններ չկան նաեւ երեկվա հանդիպման առնչությամբ: Միայն ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը հայտարարել է, որ միջնորդները քննարկում են կողմերի հետ մի շարք հարցեր: Այսօր դիտորդներից շատերը գտնում են, որ հասել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարեւոր փուլը, եւ այդ փուլում ԱՄՆ առավել ակտիվություն է ցուցաբերում: Բացի այդ նշվում է, որ մայիսի 10-ին Վրաստան կատարելիք իր այցի ժամանակ ԱՄՆ նախագահը հանդես կգա Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ եւ կառաջարկի նախաձեռնություններ: