28 ապրիլի 2005 - 13:37 AMT
ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՆԹԱԴՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Ֆրանկֆուրտում հանդիպման ձեւաչափը ենթադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը միայն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով Բաքվի «Զերկալո» թերթի տեղեկատվությունն այն մասին, որի համաձայն` Էլմար Մամեդյարովը նշել էր, որ «տեղյակ չէ, թե ինչու վարդան Օսկանյանը չի մեկնել Ֆրանկֆուրտ» եւ հայտարարել էր, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ պայմանավորվածություն ձեռք էր բերվել ավելի վաղ»: «Համանախագահները հասարակայնությանը նախօրորք տեղյակ էին պահել այդ մասին»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` պետք է կազմակերպվի միջորդների հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ` եվրոպական քաղաքներից մեկում: «Մենք պարզապես զարմանում ենք, թե այս պարզ իրավիճակը ինչու՞ է խճճվում Ադրբեջանի, այդ երկրի ԱԳՆ եւ Էլմար Մամեդյարովի կողմից: Չէ՞ որ ով-ով, բայց վերջինս առավել քան տեղյակ է, թե ինքը ո՞ւր է մեկնում եւ ո՞ւմ հետ պետք է հանդիպի»: