ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի Իրաքի Հանրապետություն` մասնակցլու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Նախատեսվում է քննարկել երկու երկրների հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցության խթանման, Իրաքից ՀՀ բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման և Հայաստանում իրաքցի բժիշկների համար կրթական ծրագրերի կազմակերպման մասին, բժշկագիտության ոլորտում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, դասընթացներին երկու երկրների մասնագետների մասնակցության ապահովման, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվության փոխանակման հարցեր։
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 4-7-ին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում էր Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։ Նա և Դերենիկ Դումանյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև «Առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Նախատեսվում է, որ Բաղդատում կհստակեցվեն այդ հուշագրով ամրագրված համագործակցության ուղղությունները։