6 նոյեմբերի 2012 - 09:55 AMT
Դմիտրի Մեդվեդև. Սիրիայի ապագան պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Լաոսի մայրաքաղաքում ելույթ ունենալով «Ասիա-Եվրոպա» համաժողովի գագաթնաժողովի լիագումար նիստում, անդրադարձել է Սիրիայի իրավիճակին: «Սիրիայում դրությունը մեծ տագնապ է առաջացնում: ՌԴ-ն ելնում է նրանից, որ այդ երկրի ապագան պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը, այլ ոչ թե միջազգային կառույցները և ինչ-որ այլ ուժեր»,- ասել է Մեդվեդևը:

Խոսելով ԿԺԴՀ միջուկային խնդրի մասին` վարչապետը նշել է, որ պետք է հնարավորինս արագ վերսկսել վեցակողմ բանակցությունները: «Կարևոր է շարունակել իրանական միջուկային խնդրի շուրջ երկխոսությունը: Ռուսաստանը ելնում է նրանից, որ ցանկացած պետություն, այդ թվում Իրանը, իրավունք ունի զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը, բայց միաժամանակ անհրաժեշտ է այդ գործունեության միջազգային վերահսկողությունը»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: