Կրթության եվրոպական հիմնադրամը (ԿԵՀ) պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության զարգացման Եվրոպական կենտրոնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ միասին կթողարկի գործնական ձեռնարկներ, որոնք կօգնեն զարգացող երկրներին և անցումային տնտեսությամբ պետություններին կանխարգելել և հաղթահարել պրոֆեսիոնալ պատրաստվածության ոլորտում պահանջարկի և առաջարկի միջև անհամապատասխանությունը: Այդ մասին հաղորդել է ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնը:
Թուրինում ավարտված եռօրյա համաժողովում Խորվաթիայից, Եգիպտոսից, Հորդանանից, Թուրքիայից, Ուկրաինայից պատվիրակները և մի շարք միջազգային փորձագետներ քննարկել և հաստատել են այդ ձեռնարկների հայեցակարգերը:
«Որակավորումների անհամապատասխանությունը ԿԵՀ գործընկեր երկրների մեծամասնության խնդիրն է: Այն բացասական է ազդում մարդկանց ճակատագրերի և ողջ տնտեսության վրա, հանգեցնում երիտասարդության շարքում գործազրկության և նվազեցնում ձեռնարկությունների մրցունակությունը»,- ասել է ԿԵՀ տնօրենի տեղակալ Շոն Մենդեսը: