6 նոյեմբերի 2012 - 11:28 AMT
Հունաստանում սկսվում է համազգային երկօրյա գործադուլը

Երեքշաբթի նոյեմբերի 6-ին մեկնարկում է համազգային գործադուլը, որը կտևի 48 ժամ: Գործադուլին մասնակցում են երկրի բոլոր խոշորագույն արհմիությունները:

Գործադուլը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտներին և փաստորեն երկու օր կաթվածահար կանի երկիրը: Ակցիայի ժամանակ կփակվեն բոլոր պետական հաստատությունները, ուսումնական հաստատությունները, բազմաթիվ խանութներ: Կընդհատվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կդադարեցվի լաստանավային հաղորդակցությունը: Մի քանի ժամով վաղը կփակվի երկրի օդային տարածքը:

Հույներն այդպիսով բողոքում են խիստ տնտեսման միջոցների դեմ, որոնք, ենթադրում են հարկերի ավելացում, թոշակների կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում 65-ից մինչև 67 տարեկան, հայտնում է ՌԲԿ-ն: