29 ապրիլի 2005 - 12:50 AMT
Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՄԲ»
Նախօրեին հայտնի են դարձել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման որոշ մանրամասներ, տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը: Քննարկման հիմնական թեմաներն են եղել զինադադարի ռեժիմի խախտման, երեք ադրբեջանցի ռազմագերիների ազատման եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման հստակ մանրամասներ: Սակայն վերջին հարցով Է.Մամեդյարովը լրագրողների հետաքրքրասիրությունը չի բավարարել: Նրա կարծիքով` հասարակայնության առաջ այդ մանրամասների բացումը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը: Բանակցությունների ավարտին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ «քննարկումները հանգեցրել են որոշակի զարգացման, սակայն կողմերի միջեւ դեռեւս պահպանվում են տարաձայնություններ»: Մի շարք խնդիրների վերաբերյալ, տեղեկացրել է Մամեդյարովը, կողմերի դիրքորոշումները մոտեցել են, սակայն կան պահեր, երբ բանակցություններն ընթանում են մեծ դժվարությամբ: «Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտման խնդիրը: Ադրբեջանական կողմը կրկին բարձրացրել է հայկական գերեվարության մեջ գտնվող երեք զինվորների շուտափույթ ազատ արձակման հարցը»,- ավելացրել է նա: Հրաժարվելով հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հստակ մանրամասները` Մամեդյարովը հայտարարել է. «Մեր տարածաշրջանում կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված չեն հարցի խաղաղ լուծմամբ, եւ նրանք ընդունակ են օգտվել այդ տվյալներից` իրավիճակի վատթարացման համար: Այդ պատճառով ես չեմ ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ»: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ նա գոհ է հանդիպումից, ասելով , որ «սա մեկ գործընթացի փուլ է, եւ այն առաջ է շարժվում»: Հետքրքիր է, որ նախարարը ոչինչ չի տեղեկացրել այն մասին, թե քննարկե՞լ է նա միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման տեղը եւ ժամանակը: Ֆրանկֆուրտյան բանակցություններից հետո Մամեդյարովը մեկնել է Չիլի, որտեղ մայրաքաղաք Սանտյագոյում մասնակցելու է Ամերիկյան պետությունների կազմակերպության միջազգային խորհրդաժողովին` նվիրված ժողովրդավարության զարգացմանը: Ակնկալվում է, որ այնտեղ ԱԳՆ ղեկավարը Լեռնային Ղարաբաղի շուրջ զեկույց է կարդալու: Հետաքրքիր է նաեւ, որ Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս մի քանի ժամ խորհրդակցել են միմյանց հետ: Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ում «Էխո» թերթին հայտնել են, որ համանախագահ Յուրի Մերզլյակովը Մոսկվա դեռ չի վերադարձել: «Նա կվերադառնա մայիսի 3-ին»: Այսպիսով, չի կարելի բացառել, որ մինչեւ այդ օրը Եվրոպայում կկայանա միջնորդների հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: