6 նոյեմբերի 2012 - 15:36 AMT
ԲՀԿ-ՀՀԿ պայքարը ՀԱԿ անդամը համարում է ներիշխանական

Հանրապետական Կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի բնորոշմամբ՝ ընդդիմադիր դաշտի անորոշությունը գալիս է այն բանից, որ բոլորը հասկանում են, որ գործող նախագահը ֆավորիտ է: «Մյուսները դժվարանում են քայլ անել, որովհետև իրենք որևէ լուրջ ընտրազանգված չեն ունենալու»,- ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ նրա՝ մեծ դժբախտություն է, որ կան շատ քաղաքական ուժեր, բայց դրանք, ի վերջո, չեն կարողանում իրենց դիրքորոշումը հստակեցնել: «Դա գալիս է քաղաքական ուժերի ղեկավարներից: Ցավում եմ, որ կարող ենք արթնանալ և լսել տարբեր ուժերի մի քանի ներկայացուցիչների կարծիքներ: Ժամանակն է, և կարծում եմ՝ անգամ ուշ է ու քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն»,- ասաց պատգամավորը:

ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀԱԿ-ԲՀԿ շխթայի լարվածությանն, ասաց, որ ՀԱԿ-ի համագործակցելու մտադրությունը չի ողջունում: ԲՀԿ-ՀՀԿ պայքարը ՀԱԿ անդամը համարում է ներիշխանական: Մի կողմից Ծառուկյանը մեծ բաժին է ուզում, մյուս կողմից Սերժ Սարգսյանը փոքր մասն է ցանկանում տալ ԲՀԿ-ին: Սոս Գիմիշյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակը լավ բանի չի բերի: Նրա խոսքով՝ մեր երկրում գաղափարական պայքար չկա: Եվ չկա նաև ընտրական համակարգ: «Երբ որևէ թեկնածու մտնում է պայքարի մեջ, հասկանում է, որ այդ պայքարն ընթանալու է վարչական ռեսուրսի, բիրտ ուժի և կեղծիքների դեմ»,- համոզված է ՀԱԿ ներկայացուցիչը: Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորն էլ կարծում է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը ընտրական պրոցեսների մասին խոսելու իրավունք չունի: Ասուլիսի ժամանակ երկու կուսակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ մեկի իշխանության ժամանակ վիճակը ավելի վատ էր, քան՝ մյուսի: ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը համոզմունք հայտնեց, որ ընտրողները իրենց ձայնը ոչ թե իշխանություններին են տվել, այլ՝ փողին: ՀՀԿ ներկայացուցիչն էլ հակադարձեց, թե իր ընդդիմախոսի ներկայացրած ուժը քանդել է երկիրը: