Նոյեմբերի 6-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: 25 խաղատախտակների վրա ընթացող պարտիաներն անցնում էին հանուն «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» գաղափարի:
«Սա շատ հիանալի նախաձեռնություն է, և ես միշտ հաճույքով եմ մասնակցում այս շախմատային մրցաշարին: Արդեն 3-րդ անգամն է, որ նման սենաս եմ անցկացնում: Այս տարի ևս եղան հետաքրքիր պարտիաներ: Կարծում եմ, որ բոլորս էլ պետք է նպաստենք հավասար հնարավորությունների ստեղծմանը»,- ասաց Արոնյանը:
Մրցաշարը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական կյանքին լիարժեք և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Այս տարի 2-րդ անգամ այդ սեանսին մասնակցեցին նաև PanARMENIAN.Net-ի սպորտային լրագրողները: Բոլոր մասնակիցները կազմակերպիչերի կողմից ստացան Լևոն Արոնյանի հետ իրենց լուսանկարները:
Միջոցառումն իրականացրին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: