7 նոյեմբերի 2012 - 11:22 AMT
Արգենտինայում ՀՀ դեսպանը և Արգենտինայի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբերի 6-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ ԱՀ փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը` կարևորվեց Արգենտինայի Սենատում և Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության խմբերի ակտիվացումը:

Ամադո Բուդուն նշեց, որ տնտեսական բաղադրիչից զատ, մեր երկրների միջև լայն հնարավորություններ կան գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման համար: Այդ առնչությամբ առաջնային դիտվեց համալսարանների և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը:

Դեսպան Մելիքյանը հայտնեց, որ արդեն քննարկման փուլում է գտնվում Բուենոս Այրեսի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի միջև համագործակցության մասին հուշագիրը: Միևնույն ժամանակ, առաջիկայում նախատեսվում է Արգենտինայի գիտության, տեխնոլոգիաների և արդյունավետ նորարարության նախարար Խոսե Լինո Բարանյաոյի այցը Հայաստան, որը լուրջ խթան կհանդիսանա գիտության և տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

ՀՀ դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահի բարեմաղթանքները, ինչպես նաև հրավերը` այցելելու Հայաստան, ինչը սիրով ընդունվեց ԱՀ փոխնախագահի կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: