Իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ Հռոմ-Երևան- Հռոմ ուղղությամբ: Այն կգործի դեկտեմբերից` շաբաթական երկու թռիչքով: Երկկողմանի ավիատոմսի արժեքը դեպի Հռոմ սկսվում է 299 եվրոյից, այլ ուղղություններով` 349 եվրոյից:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս առիթով ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին ասաց, որ «Ալիտալիայի»` չվերթներ սկսելու որոշումը կբարելավի հայ-իտալական հարաբերությունները.«Հայաստանի տնտեսությունը և զբոսաշրջությունը մեծապես կշահեն: Հայաստանի և Իտալաիայի միջև ուղիղ կապ կհաստատվի, որն իսկապես անհրաժեշտ է, որովհետև Հայաստան եկող եվրոպացի զբոսաշրջիկների թվում իտալացիներն ամենաշատն են»,-ասաց նա:
«Ալտալիայի շարժակազմն ամբողջությամբ նորացվել է` դառնալով ամենաերիտասարդը Եվրոպայում: Ինքնաթիռների միջին տարիքը 6.5 տարի է», - ասաց ընկերության` մեր տարածաշրջանի գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնին:
Նրա խոսքով, եթե սպասելիքներն արդարանան, ընկերությունը պատրաստ է հենց առաջիկա ամիսներին մեծացնել ներդրումները: