Էյլաթում ընթացող ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է արծաթե մեդալ նվաճել: + 105 քաշային կարգում Հայկ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 185 կգ, «հրում» վարժությունում՝ 217, երկամարտի արդյունքում հավաքելով 402 կգ: Չեմպիոն Էդուարդ Մեժգիկովին Ռուսաստանից, որը նույնպես 402 կգ բարձրացրեց, նա զիջեց միայն սեփական քաշի պատճառով:
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը 355 կգ ավարտեց ելույթը 4-րդ տեղում: Այդպիսով հայ ծանրորդներին աշխարհի առաջնությունում հաջողվեց նվաճել 5 մեդալ: Մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և Վանիկ Ավետիսյանը (69կգ ք/կ), իսկ Սամվել Գրիգորյանն (77կգ ք/կ) ու Աղասի Աղասյանը (85կգ ք/կ) դարձան արծաթե մեդալակիրներ: