10 նոյեմբերի 2012 - 13:11 AMT
Յուրա Մովսիսյան. Վնասվածքս այնքան էլ մեծ չէ, ուղղակի ես դեռ 100% պատրաստ չեմ

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ դեռ մինչև վերջ չի վերականգնվել և հազիվ թե կարողանա մասնակցել Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղին:

Ռուսաստանի պրեմիեր-լիգայի լավագույն հարձակվողներից մեկը, 9 գոլի հեղինակ Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել «Կրասնոդարի» երկու վերջին խաղին:

«Չեմ կարծում, թե կմասնակցեմ խաղին: Վնասվածքս այնքան էլ մեծ չէ, ուղղակի ես դեռ 100% պատրաստ չեմ»,-ասել է Մովսիսյանը:

Ֆուտբոլիստը գտնում է, որ «Կրասնոդարը» կարող է ավարտել առաջնությունը մրցաշարային աղյուսակի առաջին կեսում: «Անշուշտ, ամեն ինչ հնարավոր է: Ցուցակը գլխավորում են թիմեր, որոնք արդեն տարիներ շարունակ պայքարում են ամենաբարձր տեղերի համար, իսկ մենք այդ ճանապարհի սկզբում ենք: Թիմում հիանալի մթնոլորտ է: Նախորդ խաղում մենք հաղթեցինք «Դինամոյին»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Ռ-Սպորտը»: