10 նոյեմբերի 2012 - 12:12 AMT
Սոցիոլոգ. Նախագահական ընտրություններում հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունի գործող նախագահը

Առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունի գործող նախագահը: 2-րդ տեղում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, 3-րդ տեղում են Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ 4-րդ տեղում Դաշնակցության թեկնածուն է՝ Արմեն Ռուստամյան կամ Վահան Հովհաննիսյան: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների արդյունքներն են: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ գործող նախագահը ընտրություններից առաջ վճռական քայլերի է դիմում, սակայն եթե նա դա աներ նախորդ 3 տարիների ընթացքում, ապա ամեն ինչ ավելի հստակ կլիներ:«Հնարավոր է, որ ընտրողների մի մասը, այնուամենայնիվ, հավատա այս ամենին»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ շատ պասիվ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:«Ի տարեբրություն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի՝ նա այժմ որպես լուրջ քաղաքական գործիչ հանդես չի գալիս»:

3-րդ տեղին հավակնող Րաֆֆի Հովհանննիսյանի վարկանիշը, ըստ հարցումների, մոտ 14 տոկոս է, իսկ ահա ՀԱԿ-ի դիրքերը այնքան էլ լավ չեն:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ՀՅԴ-ն առաջ է քաշել շատ լավ ծրագիր, սակայն սոցիոլոգը նկատում է.«Երաժշտության մեջ էլ կարելի է լավ սիմֆոնիա գրել, բայց վատ կատարել: Նրանք փորձում են իրենց ծրագրի շուրջ համախմբել ընդդիմությանը, բայց սոցիոլոգը կարծում է, որ ընդդիմադիր ուժերի վարած քաղաքականությունը ՀՅԴ –ի ծրագրի հետ չի համընկնում»: