10 նոյեմբերի 2012 - 13:44 AMT
Զարուհի Փոստանջյան. ԲՀԿ-ն ևս մեկ անգամ դասը լավ չէր սովորել և լավ չպատասխանեց

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկա է գտնվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի երեկ անցկացրած նիստին և ծանոթ է եղել վերջինիս օրակարգին, իսկ օրակարգում եղել է «Հարսնաքար»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» նախագիծը: Այս մասին այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոտանջյանը:

Պատգամավորը ասաց, թե ԲՀԿ-ական պատգամավորը տեղյակ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Հանրապետական կուսակցության 4 ներկայացուցիչներ կան, ովքեր իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են իշխող կուսակցության դիրքորոշման հետ:

«Այդ մասով էլ էր տեղեկացված, և եթե էապես ցանկանում են (խոսքը ԲՀԿ-ի մասին է) մեր երկրի բարեփոխումներին իրենց ներդրումն ունենալ և միանում են այս խայտառակ վիճակը դատապարտելուն, ապա Տիգրան Ուրիխանյանը պետք է ներկա գտնվեր մինչև վերջ: Չգիտեմ ինքն ուր էր գնացել, ինչ էր արել: Հազար ու մի պատճառ կարելի էր այստեղ բերել ՝ այլ գործեր ուներ»,-ասաց «Ժառանգության» պատգամավորն ու հավելեց, որ Ուրիխանյանը տեղյակ էր և հասկանում էր, որ ընդունվող որոշումները նաև իր քվեարկությամբ են պայամավորված: Ըստ Փոստանջյանի, նրա բացակայության մեկնաբանությունը թողնում է հանրությանը ու ԲՀԿ-ական պատգամավորի խղճին: « Ես կարող եմ ասել, որ ԲՀԿ-ն դասը լավ չէր սովորել և քննությունն էլ լավ չհանձնեց»,-ասաց Զարուհի Փոտանջյանը և ընդգծեց. « Տեսնենք հաջորդ դասին Բարգավաճը ինչ պատրաստակամություն կցուցաբերի դասերի սովորելու և քննություն հանձնելու վերաբերյալ»: Իսկ հաջորդ դասն, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի, դա Սահմանադրական դատարան դիմելու հարցն է, որով Աժ պետաիրավայան հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում լինելու է Սահմանադրությունում լրացուցիչ հոդվածի ավելացման նախագիծը: Ըստ նախագծի, նախատեսվում է Հայաստանում համապետական ընտրություններին մասնակից դարձնել նաև այն քաղաքացիներին, ովքեր համապետական ընտրությունների օրերին ժամանակավոր կբացակայեն մեր երկրից:

Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած՝ «Հարսնաքար»-ի գործով հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվել է։ Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դահլիճում չէր: Ինչին Զարուհի Փոստանջյանն արձագանքել էր «Ուրիխանյանը թռա՞վ» արտահայտությամբ։

Նշենք նաև, որ Տիգրան Ուրիխանյանն արդեն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե ԲՀԿ-ական պատգամավորի մեղավորությունը չկա քվեարկության արդյունքում: Նա իր բացակայությունը պայմանավորել է նախօրեին իր ունեցած՝ ուղիղ եթերով բանավեճին մասնակցելու պայմանավորվածությամբ:« Ամբողջ երկիրը ուղիղ եթերով տեսավ, թե որտեղ եմ ես գտնվում, ուր գնացել էի, կրկնում եմ, նախօրոք՝ շատ ավելի վաղ քան սկսվել էր նշված հարցի քննարկումը»,- ասվում է ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարության մեջ: