13 նոյեմբերի 2012 - 16:41 AMT
Արարատի մարզում երեխաները թունավորվել էին սննդից. Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները հայտնի են

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում: Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզում սննդային թունավորում ախտանիշով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: