14 նոյեմբերի 2012 - 18:44 AMT
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացվել է հայ խաղաղապահներին նվիրված ֆոտոցուցահանդես

Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացեց Աֆղանստանում (ISAF) և Կոսովոյում (KFOR) ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցությանը նվիրված ֆոտոցուցահանդես:

Ցուցահանդեսը տեղակայված է Կենտրոնակայանի հիմնական շինության` ԶԼՄ-երի ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված սրահում:

Ինչպես նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը, առաջին անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում է 2004 թվականից Կոսովոյի առաքելությանը և 2010 թվականից Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը ՀՀ ԶՈՒ համակազմերի մասնակցության պատմությունը: Դեսպան Եդիգարյանը կարևորեց այս միջոցառման անցկացումը նաև այն հանգամանքով, որ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը եռապատկել է Աֆղանստանում ծառայող իր համակազմի քանակը և այս տարվա հունիսին վերականգնել իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող գորոծողությանը:

Ֆոտոցուցահանդեսը զգալի ուշադրության է արժանացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և գործելու է մինչև. նոյեմբերի 15-ը: