14 նոյեմբերի 2012 - 19:58 AMT
Հայաստանի հավաքականը առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Լիտվային

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման առաջին խաղակեսը:

Վերջին անգամ հավաքականին որպես ավագ խաղադաշտ դուրս բերեց Սարգիս Հովսեփյանը: Նա հանդես եկավ առաջին 4 րոպեների ընթացքում, այնուհետև փոխարինվեց Արտակ Եդիգարյանով: Ողջ մարզադաշտը հոտնկայս ճանապարհեց լեգենդար պաշտպանին` վանկարկելով նրա անունը:

Մի քանի րոպե անց ստադիոնը կրկին թնդաց, այս անգամ Էդգար Մանուչարյանի գեղեցիկ գոլից հետո, որը նա մրցակցի դարպասն ուղարկեց հեռահար հարվածից: Կարճ ժամանակ անց Մանուչարյանը թեթև վնասվածք ստացավ և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Դավիթ Մանոյանը:

Լիտվացիների գրոհները հիմնականում ստացվում էին Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալների արդյունքում, բայց Ռոման Բերեզովսկին հուսալի էր գործում: Վարդան Մինասյանի սաները ևս կարող էին մի քանի անգամ աչքի ընկնել, սակայն վերջին պահին վրիպում էին: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ: