15 նոյեմբերի 2012 - 10:58 AMT
Լատվիայի ԱԳ նախարար. Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա

Այսօր Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն այցելեց Ծիծեռնակաբերդ:

Ռինկևիչսը ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին:

Վերջում նախարարը երկտող թողեց թանգարանի գրառումների մատյանում. «Կարևոր է պահպանել զոհերի հիշողությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»:

Նոյեմբերի 14-16-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենա Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցություն և համատեղ մամուլի ասուլիս:

Լատվիայի արտգործնախարարնը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: