15 նոյեմբերի 2012 - 15:46 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաստատեց, որ Ֆրանսիայի նախագահը հաջորդ տարի կգա Հայաստան

Նախապատրաստվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան: Այցը նախատեսված է 2013-ին: Այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին և տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահը Ֆրանսիայում քննարկել է Ֆրանսուա Օլանդի կատարելիք այցը Հայաստան: Էդվարդ Նալբանդյանը հիշեցրերց, որ սա Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա թվով չորրորդ այցն է: «Այն հագեցած է եղել, արդյունավետ և, ինչպես միշտ, անցել է ջերմ մթնոլորտում»,- ասաց արտգործնախարարը: Նա նաև հայտնեց, որ Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, Սենատի և Ազգային ժողովի նախագահների հետ: Կայացել է խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումը: