15 նոյեմբերի 2012 - 17:47 AMT
Ախուրյան և Մայիսյան գյուղերում համակարգչային կենտրոններ են բացվել

Շիրակի մարզի Ախության և Մայիսյան գյուղերում բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք հիմնվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Orange ընկերության լրատվական ծառայությունից :

Ախուրյանն այսօր ունի 10,050, իսկ Մայիսյանը` 2,100 բնակիչ: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որոնք բնակիչներին հնարավորություն են տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,700,000 դրամ:

Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: