13 մայիսի 2005 - 08:02 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«Ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիրներից մեկը հրադադարը վերջնական եւ կայուն խաղաղության փոխակերպելն է»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը` Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի հերթական տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է Դե ֆակտո գործակալությանը: Նրա խոսքերով, կրակի դադարեցման ձեռքբերումը այսօրվա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ շոշափելի արդյունքն է: Ինչպես ասաց Մասիս Մայիլյանը, «կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, չնայած դրա խախտման առանձին փաստերին, շատ բանով պայմանավորված է նրանով, որ համաձայնագրի տակ դրված են հակամարտության երեք կողմերի` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարների ներկայացուցիչների ստորագրությունները»: Մասիս Մայիլյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը կայունացել է: Նրա կարծիքով, «դրանում զգալի դեր են կատարել միջազգային միջնորդների վճռական դիրքորոշումը, որոնք հայտարարել են լարվածության ուժգնացման անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ ԵԱՀԿ առաքելության կողմից բաժանարար գծում պարբերաբար անցկացվող դիտարկումները»: