16 նոյեմբերի 2012 - 09:54 AMT
«Ժողովուրդ». «Փյունիկի» նախկին բժիշկն ընկճված է, բայց ասում է, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն չի ծեծել

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը զրուցել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանի հետ, ում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՀՖՖ նախագաh Ռուբեն Հայրապետյանը ծեծել է:

«Աշխատանքային ինցիդենտ է եղել, երևի գտել են, որ կարգապահության խախտում է եղել, և ազատել են աշխատանքից: Ոչ մի ուրիշ բան չի եղել, և դրա շուրջ կրքերը պետք է հանգստացնենք, ախր բան չի եղել»,-ասել է Հովասափյանը: Հարցին, թե ինչու ոչ ոք չի կարողանում կապ հաստատել նրա հետ, բժիշկը պատասխանել է.«Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել, և դա այն բնագավառն էր, որը սիրում էի և աշխատում էի: Իմ տարիքում արդեն դժվար է նոր աշխատանքի մասին մտածել: Միայն այդ առումով է, որ կապի դուրս չեմ գալիս, և ուրիշ ոչ մի բան չկա: Թե չէ ես լավ եմ զգում ինձ, ոչ մի բան չի եղել: Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել և ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին: Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին: Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`(ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:

Այս ամենից հետո մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծել է բժշկին և կոտրել նրա ծնոտը: