16 նոյեմբերի 2012 - 11:48 AMT
Բեյրութում բացվել է հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսը

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական և մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի և Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի աջակիցներին և հովանավորներին և ընդգծեց հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը և ստեղծագործական կյանքի մանրամասներին` դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երևանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ և ավելացրեց, որ Հարություն Կալենցը եղել և մնում է եղբայրական երկրների՝ Հայաստանի և Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ:

Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երևանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը և տաղանդը: Նախարարը խոստացավ լիբանանյան և հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Անջարում:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև «Սոլիդեր»-ի գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին, որը նշեց, որ, թեև առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով և հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները:

Այնուհետև լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Հարություն Կալենցի որդին` Սարո Կալենցը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը: