16 նոյեմբերի 2012 - 13:16 AMT
Ադրբեջանը փորձել է ՄԱԿ-ի առջև արդարանալ Սաֆարովի ներման և հերոսացման համար

Ժնևում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահին: Նամակում դեսպան Մուրադ Նաջաֆբեյլին փորձել է արդարացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը Հունգարիայից արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:

Որպես հիմք բոլոր բարոյական և էթիկայի նորմերին հակասող այդ քայլի համար Նաջաֆբեյլին բերել է 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթները կալանավորների արտահանձնման մասին, որի համաձայն մի երկրի տարածքում կալանված անձը կարող է հանձնվել հակառակ կողմին փոխադարձ պայմանավորվածության հիման վրա: Սակայն, ինչպես բազմիցս հայտարարել են իրավաբանները, Սաֆարովի արտահանձնումով և Հունգարիան, և Ադրբեջանը խախտել են Կոնվենցիան, քանի որ Ստրասբուրգի կոնվենցիայի իմաստն ու նպատակը նրանում է, որ, ելնելով մարդասիրական մղումներից, կալանավորները պատիժը կրեն սեփական երկրում, այլ ոչ թե ազատ արձակվեն հայրենիք ժամանելուն պես:

Մուրադ Նաջաֆբեյլին գրում է նամակում, որ Սաֆարովն իրականում Ադրբեջանում «որպես հերոս չի ընդունվում»: Նա, բնականաբար, լռել է այն մասին, թե ինչ պաթոսով են դիմավորել Սաֆարովին Ադրբեջանում, ինչ բարիքներով են նրան պատել, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում այն մասին, որ քնած մարդուն կացնահարած մարդասպանը «պետք է օրինակ ծառայի երիտասարդ ադրբեջանցիների համար»: Իր նամակում Ադրբեջանի դեսպանը, փորձելով Սաֆարովի հանցագործության մեղքը բարդել Հայաստանի ու ղարաբաղյան պատերազմի վրա, ոչ մի բառ չի ասում այն մասին, որ մարդասպանն արտահանձվեց Հունգարիային՝ 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պարտատոմսեր գնելու Ադրբեջանի խոստման դիմաց:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: