16 նոյեմբերի 2012 - 13:53 AMT
Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի մանկատներում 1115 երեխա կա

Հայաստանի բոլոր մանկատներում այսօր ապրում է 1115 երեխա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը: Նրա խոսքով` 2011 թ-ին մանկատուն են հանձնվել 267 երեխաներ: Անցած տարի որդեգրվել է 121 երեխա, որոնցից 62-ը` ՀՀ քաղաքացիների, մնացածը` օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Բաղդասարյանը նշեց նաև մուրացիկ երեխաների մասին վիճակագրական տվյալներ: Ըստ նրա, 2002 թ-ին այդ թիվը եղել է 111, իսկ այսօր` 15 անչափահաս: Նրանցից 3-ն ապրում են Երևանում, 3-ը Արմավիրի մարզում, 7-ը Լոռու մարզում, 2-ը` Շիրակի մարզում: Նա ասաց, որ այս թվերը նրանց տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է այդ երեխաների թվի նվազմանը, արդյո՞ք դա կապված է երեխաների սոցիալական վիճակի բարելավվման, թե՞ նրանց չափահաս դառնալու հետ, բանախոսը դժվարացավ պատասխանել: