17 նոյեմբերի 2012 - 10:00 AMT
«Հրապարակ». Ծառուկյանը տասնհինգ օրից կհայտնի ընտրություններին մասնակցության իր ձևաչափը

Ըստ «Հրապարակ»-ի ԲՀԿ աղբյուրների՝ տասնհինգ օրից Գագիկ Ծառուկյանը վերջապես կհայտնի նախագահական ընտրություններին մասնակցության իր ձևաչափը։

«Նա կանգնած է բարդ ընտրության առաջ, ընդհանուր առմամբ նա դեմ չէ թեկնածու առաջադրվելուն, սակայն ասում է, որ հետևանքների համար չի կարող պատասխան տալ. չգիտի ինչ կլինի։ Հետո էլ ասում է՝ հո ես մենակ չեմ, էլի մարդիկ կան, որոնց համար ես պատասխանատու եմ»,- գրում է թերթը:

Ծառուկյանը պատմել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ինքն ասել է՝ մենք հարյուր տոկոսով պատրաստ ենք պաշտպանել քեզ, մենակ թե դու մտածի՝ ոնց պիտի արվի, որ մենք ՕԵԿ չդառնանք։ Բացի այդ, համաձայնության չեն եկել ապագա կառավարության կազմի վերաբերյալ: Ծառուկյանը կրկին պահանջել է վարչապետի պաշտոնը, նախագահն առաջարկել է փոխվարչապետով ու նախարարներով գոհանալ, Ծառուկյանն այս տարբերակին չի համաձայնել՝ խոսակցությունը բաց է մնացել։ Թերթը ենթադրում է, որ համաձայնությունը կկայանա այդ 2 առաջարկների մեջտեղում ընկած տարբերակի տեսքով։ Իսկ քաղաքական կոնսուլտացիաները, արտահերթ նիստի ստորագրահավաքը հենց դրա համար են, որ ցույց տրվի՝ ԲՀԿ-ն առանցքային ուժ է, և վերջում հայտարարվի՝ քանի որ կա Ղարաբաղի, տարածաշրջանի, Իրանի հարց, ԲՀԿ-ն ստիպված է երկրի նախագահին պաշտպանել։ «Էս դեպքում էլ Ծառուկյանը հասկանում է, որ Քոչարյանի թիմը մեր մոտից դուրս կգա»,– կարծում են ծառուկյանական թևի կուսակցականները։ «Այնուհանդերձ, մեզ հետ զրույցներից մեկում Քոչարյանի թիմի ներկայացուցիչ համարվող Վարդան Օսկանյանն ասել էր, որ ինչպես կուսակցությունը որոշի, ինքն այդպես էլ կվարվի և դուրս չի գա, եթե անգամ որոշումն առնչվի Սերժ Սարգսյանին պաշտպանելուն»,- գրում է «Հրապարակ»-ը։