17 նոյեմբերի 2012 - 14:40 AMT
Բակո Սահակյանը ցավակցել է Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախյան շարժման վետերան, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Վիգեն Հայրապետյանի ընտանիքին: Հեռագրում ասված է.

«Խոր վշտով ու կսկիծով տեղեկացանք մեր ժողովրդի արժանավոր զավակ Վիգեն Սուրենի Հայրապետյանի մահվան մասին:

Վիգեն Հայրապետյանը մեծ հարգանք էր վայելում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում: Նա մեծ ներդրում ուներ Արցախի Հանրապետության կայացման գործում, եղել է ղարաբաղյան ազատագրական շարժման առաջամարտիկներից, ում ղեկավարությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը, և հենց նա է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հրապարակել ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը:

Անգնահատելի է Վ.Ս.Հայրապետյանի ներդրումը նաև կրթության զարգացման գործում: Նա կրթել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների` սերմանելով սերը գիտելիքի և հայրենիքի հանդեպ:

Պետությունն արժանվույնս է գնահատել Վիգեն Հայրապետյանի վաստակը` պարգևատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով և պետական այլ պարգևներով, շնորհելով ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Այս ծանր պահին մենք ձեր կողքին ենք և ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավը:

Վիգեն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում»,- հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: