24 հուլիսի 2003 - 20:37 AMT
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարանում մոտ ժամանակներս կբացվի 1915թ. Հայոց ցեղասպանությունը ներկայացնող ցուցաբաժին: Նշենք, որ այս խնդիրը երկար ժամանակ թանգարանի տնօրինության եւ ամերիկահայության միջեւ ծագած անհամաձայնությունների պատճառ էր դարձել: Թանգարանում հրեաների հոլոքոստի կողքին «20-րդ դարի մեծագույն ողբերգությունները» ցուցասրահում ներկայացվում էին տեսանյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն ԱՄՆ հայկական կազմկերպությունները պահանջում էին առավել ընդգրկուն ձեւով անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Եվ ահա օրերս թանգարանի տնօրեն Լեյբ Գաֆթը Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչներին հրավիրել է ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին բացվելիք ցուցադրության շուրջ ընթացող վերջին նախապատրաստական աշխատանքներին: «Մենք ուզում ենք վստահ լինել, որ թանգարանի տարեկան 350 հազար այցելուները իրազեկ կլինեն 20-րդ դարի մեծագույն ողբերգություններին, որոնց թվում է Հայոց ցեղասպանությունը»,-նշել է տնօրենը: Հայերի հետ թանգարան են այցելել նաեւ հրեական համայնքի ներկայացուցիչները, որոնց թվում նաեւ «Սիմոն Վիզենթալի» կենտրոնի ղեկավարության անդամ Աբրահամ Կուպերը, որն աջակցել է հայկական ցուցադրության կազմակերպմանը: