Ուրուգվայի ԱԳՆ պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ «բողոքի նոտային»` կապված Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած այցի հետ:
Ուրուգվայի միջազգային գործունեությունը հիմնվում է պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքների, ազգերի ինքնորոշման իրավունքների, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Ուրուգվայի քաղաքական գործունեությունը ևս հիմնվում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Նոտայում նաև նշվում է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը ՄԱԿ-ի հիմնական սկզբունքն է, ինչի վրա և հիմնվում է ուրուգվայական պետությունը:
Խորխե Օրիկոն արտասհմանյան պետության առաջին ներկայացուցիչն է, ով այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ կայացել է նաև Օրիկոյի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Սահակյանն ընդգծել է, որ Ուրուգվայն ու Արցախը բարեկամ պետություններ են, որոնք բազմաթիվ ընդհանրություններ ունեն:
Նախագահը Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ոլորտում, այդ պետության հավասարակշռված քաղաքականությունը` Արցախի Հանրապետության ճանաչման և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:
Հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Արցախի անկախությունը:
Խոսելով Օրիկոյի` Արցախ կատարած այցի մասին, Ուելմոն նշել է, որ դրա համար հատուկ քաջություն պետք չէ: «Սա ընդամենը մի քայլ է»,-հայտարարել է նա:
Օրիկոն հայտարարել է, որ Ուրուգվայում հասկանում են, որ կան երկրներ, որոնք օրինական կերպով ցանկանում են ինքնորոշվել:
Նա նշել է, որ թեև իր երկիրը փոքր է, սակայն պատրաստ է աջակցել Ղարաբաղին: